Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել մեղքը. դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննության ընթացքում դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, թե գործի նյութերում կան փաստեր, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենն, ինչում ինքը մեղադրվում է:

«Մենք ունենք փաստ, որ Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում զանգի միջոցով հարկադրում է, որպեսզի իր ենթական իր վրա վերցնի այն ամենն, ինչում այն ամենն, ինչում ինքը մեղադրվում է»,- նշեց Վահե Դոլմազյանը։ Դատախազը հայտարարեց` անկախ նրանից անձը հերոս է, թե՝ ոչ, օրենքի առաջ բոլորն են հավասար:  

«Այո, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, այդ հարցն այս պահին չի վիճարկվում¸ մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել, պետության  համար միգուցե նաև այլ ծառայություններ է մատուցել, ինչը կարևոր հանգամանք է, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը եթե հերոս է, իրավունք է վերապահվում կատարել ապօրինի գործողություններ։ Կամ հաշվի առնելով, որ նա հերոս է, պետք է դրա համար պատասխանատվության չենթարկել։ Հետևաբար պաշտպանության կողմի  այն դիրքորոշումները, թե այս ինչ է կատարվում, ինչ է արվում, ցավալի է։ Մենք իրավական  դաշտում ենք աշխատում, օրենքի պահանջն է՝ յուրաքաչնյուր ոք ենթակա է պատասխանատվության իր կատարած ապօրինի գործողության համար»,- նշեց Վահե Դոլմազյանը։ 

Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննության ընթացքում Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը, Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավը: Դատախազությունն առարկեց այս միջնորդության դեմ։