Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում: Նախարարը հետևել է քննության կազմակերպչական աշխատանքներին, հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել դիմորդների ծնողների հետ: 

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ քննական գործընթացը հանգիստ է ընթանում. «Նախկին տարիներին, օրինակ, երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ, ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ են և ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: 

Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք այն դեպքում, երբ աշխարհում կանանց ներգրավվածության միջին ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»,- նշել է նախարարը: 

«Ֆիզիկա» առարկայի քննության տևողությունը 3 ժամ է, ավարտից մեկ ժամ անց քննական թեստերի պատասխանները կհրապարակվեն Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում կհրապարակվեն 5 օր հետո: 

Անդրադառնալով 9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» միասնական քննությանը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջին գնահատականը մոտ է նախորդ տարվա միջին գնահատականին, տարբերություններն ընդգծված են անբավարար և գերազանց ստացածների միջև. «Մենք պետք է հասկանանք, թե այս պահին մեր աշակերտն ինչ իրական գիտելիք ունի:

Պետք է հասկանանք իրական գնահատականների մակարդակը և ըստ դրա՝ արդեն փոփոխություններ անենք ծրագրերում և չափորոշիչներում: Առանց ճշգրիտ տվյալների չենք կարող արդյունավետ ռեֆորմներ անել: 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների նպատակն իրական պատկեր ունենալն է: Մենք պատրաստվում ենք հաջորդ տարիներին կենտրոնացված քննությունների թիվն ավելացնել` հաշվի առնելով քննությունների արդյունքների վերլուծությունները»,-նշել է նախարարը։