ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

քայլ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում:

2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խումբն աշխատանքային այցով Նուր-Սուլթանում էր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար, Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Ղազախստանի խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան: Նրա խոսքով` Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում  նախատեսել է հիմնել հյուպատոսություններ. ըստ ձեռք  բերված նախնական  պայմանավորվածությունների` դրանք կբացվեն Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Դեսպանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հունիսի 10-ին  կազմակերպված խորհրդարանական լսումներին եւ բարձր  գնահատել ԵԱՏՄ խնդիրների ու ներուժի բացահայտմանը նվիրված քննարկումները:

Թիմուր Ուրազաեւը հայ խորհրդարանականներին ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար: