Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։

Նախագահը նշել է, որ ուրախ է արվեստի և մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ներկա գտնվել նման ցուցահանդեսի բացմանը։ 

«Կրկնակի ուրախ եմ, որովհետև մեզ հետ այսօր ոչ միայն դեսպանն է և մեր գործընկերները, այլև Իտալիայից այսօրվա առիթով այստեղ եկած շինարարական, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցչական խումբը։ Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը, արվեստը, մշակութային ժառանգությունն ու հին ճարտարապետությունը։ Այս այցելությունը զուտ ճանաչողական չէ։ Առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Մեր նպատակն է, որ այս գործընկերները, ճանաչելով Գյումրին, մասնակցեն դրա մշակութային, ճարտարապետական արժեքների վերականգնմանը»,– ասել է նախագահը։

Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին և կազմակերպիչներին՝ հետաքրքիր ցուցահանդեսի բացման առիթով։

«Այն իսկապես եվրոպական ցուցահանդես է հայկական մշակույթի մայրաքաղաք Գյումրիում։ Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Իտալիայի կառավարությանը և իմ գործընկերոջն ու լավ բարեկամին՝ նախագահ Մատարելլային։ Հույս ունեմ, որ մեկ ուրիշ առիթով նախագահը կրկին կայցելի Հայաստան և միասին կգանք Գյումրի՝ տեսնելու մեր համագործակցության արդյունքները»,- եզրափակել է խոսքը նախագահ Արմեն Սարգսյանը։