Զեյնալյանի հրաժարականի նախապատմությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

քաղաքական

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականի դիմումը գրելուց առաջ Արտակ Զեյնալյանն ուշագրավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երբ մոտ 2 շաբաթ առաջ դեռ նոր-նոր էին ասպարեզ նետվում իշխանության՝ Զեյնալյանից դժգոհության մասին լուրերը, վերջինս մտել է վարչապետի մոտ, փորձել ճշտել դրանց իսկությունը:

Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։

Ասել են, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարադատության հայեցակարգը, վեթթինգի նախագծի մշակումը, ուստի պետք է հեռանա։ Հրաժարականից մեկ օր առաջ ունեցած կարճատեւ զրույցի ժամանակ Փաշինյանը Զեյնալյանին ասել է, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը։

Դա է պատճառը, որ Զեյնալյանն իր ազատման հարցի շուրջ ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով եւ ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում