Քաղաքապետարանն ամեն ամիս տուգանում է «Սանիտեքին»․ընկերության հետ պայմանագիրը կարող է խզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի  վիճակի, որ իրենք կարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ շաբաթը մեկ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվել այդ ընկերության հետ։

«Ես անձամբ մասնակցում էի այդ հանդիպումներին, որ հասկանայի՝ ինչ խնդիր ունենք այդտեղ, եւ ինչով կարող է քաղաքապետարանն աջակցել։ Վստահեցնում եմ, որ մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլեւս չի կարող սպասարկել, այսինքն այդ ունակությունը չունի սպասարկելու Երեւան քաղաքը, եւ դա բոլորս ենք տեսնում»,– ասաց Մարությանը՝ նկատելով,որ ոչ թե ընկերությունը զլանում է կատարել իր աշխատանքը, այլ՝ պարզապես ի զօրու չէ դա անել։

Ըստ Մարությանի՝ «Սանիթեք»–ի մեքենաների քանակը, աշխատուժի թիվը, մեքենաների տեխնիկական վիճակը զրոյական է. «Օրական 12-18 մեքենա են հանում, իրենց ասելով, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից փչանում է։ Եւ, այն ինչ տեսնում ենք այսօր, դրա արդյունքն է: Մենք փորձեցինք իրենց օգնել, ամեն ինչ արեցինք, բայց իրենք նոր ներդրումներ չեն անում: Դուք տեսնում եք՝ ինչ վատ վիճակում են գտնվում աղբամանները, մինչդեռ, ըստ պայմանագրի, Երեւանում պետք է լինի 8 հազար աղբաման, բայց առկա է երեւի 5 հազարը, որոնց վիճակը շատ վատ է։ Ես այդտեղ հասկացա, որ այս մարդիկ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ ներկա իրավիճակը իրենց բերած 5 մեքենաների շնորհիվ է: Նրա խոսքով՝ «Սանիտեքի» պայմանագրով նախատեսված է, որ ընկերությունը պետք է իրականացնի Երևանի աղբահանությունը, ձնմաքրումը և այլն, իսկ այդ պայմանագրի լուծումը կախված է ընկերության հետագա քայլերից. «Պայմանագրում մենք ունենք բազում կետեր, որ իրավունք ունենք լուծել այս պայմանագիրը»:

Այժմ քաղաքապետարանն ամեն ամիս «Սանիտեքին» տուգանում է, օրինակ՝ այս ամիս դա կազմել է 26 մլն դրամով, անցած ամիս՝ 13 մլն-ով, իսկ պահումներն ավելի մեծ գումարներ են: