Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի Փաշինյանի դեմ ներկայացված հայցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբան Ալումյանը նշեց, որ եթե հակառակորդը հայտարարի որ Փաշինյանը հայտարարություն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք կհրաժարվեն հայցից։

Ի պատասխան Ալումյանի՝ Փաշինյանի ներկայացուցիչը ասաց, որ հայտարարությունը չի վերաբերվել Քոչարյանին։

Արդյունքում՝ Քոչարյանի փաստաբան Ալումյանն ասաց, որ իրենք  կհրաժարվեն Փաշինյանի դեմ ներկայացված հայցից։

Գործը նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը մի քանի անգամ փորձեց ճշտել Քոչարյանի փաստաբանից՝ հաստա՞տ հրաժարվում են հայցից։

Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ այո։

Նիստը հետաձգվեց որպեսզի հայցվոր կողմը՝ Քոչարյանի փաստաբանը հայցից հրաժարվելու գրավոր դիմում ներկայացնի։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան,  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։

Հայցադիմումի առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, ըստ որի՝ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝  կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: