ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին իրենց տարածած հայտարարությունը չորակել մեղադրական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:

Այս մասին նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ, որով անդրադարձ է կատարվում ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվությանը:

ՊՎԾ-ից հայտնում են, որ հայտարարությամբ հստակ նշված է, որ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

«Այնպես որ, բոլոր լրատվական միջոցներին և ԵՊԲՀ-ին կոչ ենք անում հայտարարությունը չմեկնաբանել որպես «մեղադրական եզրակացություն»։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ տեղեկատվությունը հրապարակվել է  նախքան վերահսկվող օբյեկտից կարծիքի ստանալը, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որևէ իրավական նորմով կաշկանդված չէ հրապարակումներ իրականացնելու ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ ուսումնասիրության ավարտից հետո։

Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը թիրախավորված և անձնավորված ուսումնասիրություններ երբևէ չի իրականացրել և չի իրականացնում։ Ինչպես հայտնի է, մինչ այս ուսումնասիրություններ են կատարվել նաև այլ ԲՈՒՀ-երում, ներկայումս ուսումնասիրություն իրականացվում ԲՈՒՀ-երից մեկում։ Բացի այդ, խնդրո առարկա ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրության ողջ ժամանակահատվածի, այդ թվում նաև՝ 2017-2018 թվականներին իրականացված գործունեության վերաբերյալ։ Ուսումնասիրության մաշտաբայնության հետևանքով արդյունքների ամփոփումը տևել է մոտ մեկ ամիս։

Հետգրություն։ Կոչ ենք անում ԵՊԲՀ-ի պաշտոնատար անձանց տեղեկանքում առկա տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության չհրապարակել՝ հաշվի առնելով այն, որ տեղեկանքն ուղարկվել է իրավապահ մարմնի»։