Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության և սպորտի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

Հայաստան Մեքսիկա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներն էին, քանի որ թե՛ նախարարի, թե՛ դեսպանի համոզմամբ` այստեղ Հայաստանն ու Մեքսիկան լուրջ ներուժ ունեն:

«Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների պատմությունն ու համապատասխան կամքի առկայությունը՝ այս ոլորտներում արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ կան»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը, հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն, մասնավորապես, նշել է. «Մեր երկրները հազարամյա պատմություն ունեն, մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր նպատակներից մեկը կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերի ամրապնդումն ու զարգացումն է»։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի  և գիտակրթական ոլորտներում գործող  և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր։