Փաշինյանը 650 հազար դրամ է պահանջում Քոչարյանից՝ անհիմն հայց ներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում ներկայացրեց դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատարանում հայտարարեց, որ որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։ Նա հայտարարեց, որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որ անհիմն հայցեր ներկայացնողներն իմանան, որ գոնե դատական ծախսերը պետք է փակեն։

«Ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի միակ եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է։ Կարծում եմ՝ հետագայում որպեսզի կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը լուծվի»,-ասաց Փաշինյանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ եթե հակառակորդը հայտարարի, որ Փաշինյանը հայտարարություն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, իրենք կհրաժարվեն հայցից։ Ի պատասխան Ալումյանի՝ Փաշինյանի ներկայացուցիչը ասաց, որ հայտարարությունը չի վերաբերվել Քոչարյանին։Արդյունքում՝ Քոչարյանի փաստաբան Ալումյանն ասաց, որ իրենք  կհրաժարվեն Փաշինյանի դեմ ներկայացված հայցից։ Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասաց․

«Մեր հստակ ընդգծված դիրքորոշում այն էր, որ  անզեն աչքով էլ, երբ այդ հայտարարությունները կարդայիք, կտեսնեիք, որ իմ վստահորդի խոսքը սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն էր»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։

Հայցադիմումի առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, ըստ որի՝ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը.

«․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝  կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: