ՌԴ–ում ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանն իր պատիժը պետք է կրի ՀՀ-ում․ նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը իր հետագա պատիժը պե՛տք է կրի Հայաստանում։ Նման պահանջով այսօր կառավարության առաջ բողոքի ակցիա էին իրականացնում «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները և Առաքելյանի հարազատները։

«Մենք միացել ենք այս պայքարին եւ պայքարելու ենք այնքան, մինչեւ Արման Առաքելյանի արտահանձնումը կազմակերպվի։ Նա պետք է իր պատիժը կրի հարազատներին ավելի մոտ, որպեսզի նրանք կարողանան գոնե ամիսը 1–2 անգամ այցելել իրենց պապիկին, իրենց հորը»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» հասարակական նախաձեռնության նախագահ Վահագն Չախալյանը։

Նշենք, որ 18 տարվա ազատազրկման դատապարտված Առաքելյանն արդեն 4 տարի կրում է պատիժը Մուրմանսկի բանտում։

«Մեկ տարուց ավելի է՝ հարազատները դիմում են ՀՀ իշխանություններին։ ՌԴ դատախազությունը համաձայնվել է Արմանին արտահանձնել, իսկ մեր կողմից անհասկանալի պատճառներով մերժվում է ամեն անգամ։ Արմանի ընտանիքի անդամները եւ մենք բոլորս էլ պատրաստ ենք մասնակցել արտահանձման հետ կապված ծախսերին»,– ասաց Չախալյանը։

«Այդ ադրբեջանցին հայհոյել է մեր հերոսներին, մեր ազգին, Շառլ Ազնավուրի նկարը կոտրել, գցել գետնին, դրանից հետո հայրս նրան սպանել է։ Քանի որ Ռուսաստանը հորս արտահանձնում է, մենք հավաքվել ենք, որպեսզի իմանանք պատճառը, ո՞րն է, որ չեն ընդունում։ Մեզ մոտեցավ վարչապետի մամուլի խոսնակը եւ ասաց, որ բոլոր հարցերին երկուշաբթի կպատասխանեն»,– ասաց դատապարտյալի որդին՝ Վիգեն Առաքելյանը։