Չեղարկվել են Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 13, 24News

.

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։

Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

Սրանք, սակայն, առաջին ատյանի դատարանի որոշումներ են եղել, և Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլին մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։

Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները։