Գառնիկ Բադալյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։
 
Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958թ., Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում: 1986թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժինը:
 
1991թ-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1992թթ.ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ, 1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև՝ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար: 1994-1997թթ. աշխատել է որպես ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ:
 
2004-2010թթ. ընթացքում հանդիսացել է ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան, այնուհետև՝ դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար, ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար:
 
2018թ․ նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2019թ․ մայիսից, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ):
 
Արժանացել է ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԳՆ խրախուսանքների։
 
Գառնիկ Բադալյանը նաև նշանակալի ավանդ է ունեցել գիտական ասպարեզում՝ հեղինակելով մի շարք գրքեր և գիտական աշխատանքներ։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
 
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ։