Ռոբերտ Քոչարյանը ժամանեց դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Քիչ առաջ դատարան ժամանեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով՝ «հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,֊ ասաց Հայկ Ալումյանը։

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով պաշտպանները խնդրեցին տրամադրել հատորները և ժամանակ: Ուստիև, դատական նիստը հետաձգվեց և շարունակվում է այսօր՝ հունիսի 14֊ին: