Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 14, 24News

բակո հայկ

Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Երեւանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպման շրջանակում քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը, ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստեփանակերտ:  Կարեւորելով հայկական երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական կապերն ու համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը վերահաստատել է փոխգործակցության ընդլայնման հարցում իր պատրաստակամությունը:

***

ԱՀ  պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման շրջանակում կողմերը կարեւորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում: Երեւանի քաղաքապետը եւ ԱՀ պետական նախարարն առանձնազրույց են ունեցել, այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով:

Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը:

«Երեւանի եւ Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջեւ կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային եւ մարզական բնագավառներում»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարեւորելով Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը: Կրթության ոլորտում մասնավորապես կարեւորվել է ուսուցիչների վերապատրաստումը: Կողմերն անդրադարձել են նաեւ զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես մարզական կարեւոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:

«Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

***

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի հանդիպման շրջանակում Հայկ Մարությանն ու Սուրեն Գրիգորյանն ամփոփել են երկարամյա համագործակցության արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի եւ մասնավորապես մեր երկրի արեւելյան մայրաքաղաքի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու նշել, որ սերտ համագործակցությունը Ստեփանակերտի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երեւանի հաջողված փորձը կարեւոր է եւ անհրաժեշտ Ստեփանակերտի համար: