Արցախի ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք. Մարությանը Արցախում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 14, 24News

Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետի՝ Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը: Ողջույնի իր խոսքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.

«Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արեւելյան մայրաքաղաքը՝ պայծառ, մաքուր, կոկիկ ու, ամենակարեւորը՝ անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, եւ մենք, այո՛, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երեւանաբնակ եղբայրներին ու քույրերին:

Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր երկու մայրաքաղաքներն իրար հետ շփման բազմաթիվ առիթներ են ունենում՝ սկսած փոխայցելություններից, համատեղ կառուցապատման ու բարեկարգման ծրագրերից, վերջացրած՝ մշակութային ու մարզական միջոցառումներով: Եվ առավել ուրախ եմ, որ այդ միջոցառումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում եւ արդեն միջազգային մասշտաբներ են ձեռք բերում:

Մի քանի շաբաթ հետո Երեւանն ընդունելու է Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար իսկապես խոշոր իրադարձություն է լինելու, թերեւս ամենախոշոր մարզական միջոցառումը մեր երկրի պատմության մեջ: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար՝ CONIFA-ի գավաթը: Մենք ոգեւորությամբ էինք հետեւում այդ խաղերին: Ավելի մեծ ոգեւորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում»:

Երեւանցի տաղանդավոր փոքրիկներն իրենց կատարումներով հրաշալի երեկո են պարգեւել արցախցիներին: