Մեքսիկական Միացյալ Նահանգները Երևանում ներկայացված կլինի նաև հյուպատոսության միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Մեքսիկական Միացյալ Նահանգներն այսուհետ Երևանում ներկայացված կլինի նաև պատվավոր հյուպատոսություն միջոցով: Հունիսի 14-ին հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը նշեց, որ այն կնպաստի երկու պետությունների և ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:

«Պատվո հյուպատոսությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և Մեքսիկայի ժողովրդի ներկայությանը Հայաստանում: Վստահ եմ, որ այն կծառայի ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների: Սա պատմական պահ է նրանով, որ առաջին անգամ է Երևանում հիմնվում Մեքսիկայի պատվո հյուպատոսությունը»,- ասաց Կոստանդյանը:

Այս օրերին Երևանում գտնվող ՀՀ-ում Մեքսիկական Միացյալ նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրա խոսքով՝ այդ հանդիպումները կարող են հիմք հանդիսանալ համատեղ մի շարք ծրագրերի իրականացմանը:

«Մենք շատ հագեցած օրակարգ ենք ունեցել: Այս երկու օրերի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Ազգային ժողովի փոխխոսնակի հետ: Ամենակարևորը, որ կարող եմ նշել, կա ընդհանուր շահագրգռվածություն և հետաքրքրվածություն՝ մեր երկու երկրների միջև կապն էլ ավելի խթանելու և սերտացնելու: Այս պահին մենք ունենք սպորտի և կրթության ոլորտներում մշակված մի նախագիծ, որը կարծում եմ, որ մոտակա ժամանակներում կստորագրվի և արդեն դրա հիման վրա մենք կկարողանանք որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ոլորտներում:

Այս պահին կա նաև մի շատ հետաքրքիր սեկտոր, որը մեր տնտեսական համագործակցությունն է, և այս առումով գտնում ենք, որ մոտակա ժամանակներում կկազմակերպվի նաև ձեռնարկատիրական որոշակի խմբերի ու պատվիրակությունների այցեր դեպի Մեքսիկա, որպեսզի տեղում ծանոթանան, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան այդ ոլորտում»,- նշեց դեսպանը: