«Մարտի մեկի» գործով այլ պաշտոնյաներ էլ պետք է մեղադրվեն․ Գագիկ Ջհանգիրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Մարտի մեկի գործով այլ պաշտոնյաներ էլ պետք է մեղադրվեն իրական, լուրջ դերակատարման համար։ Այնպես չէ, որ դատարան գնացած 4-5 հոգին են ու վերջ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է  ՀՀ զինվորական նախկին դատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ  Գագիկ Ջհանգիրյանը։

Ջհանգիրյանի խոսքով՝  այս գործով բացահայտումներն արագ չեն լինի, սակայն մեկի բացահայտմամբ մյուսներն էլ սարերի հետևում չեն։

«Շատ մեծ բարդություններ կան այդ գործի քննության առումով, որովհետև նախորդ տարիներին որևէ մեկը չի ցանկացել բացահայտել հանցագործություն, ընդհակառակը՝ գիշեր ու ցերեկ աշխատել են, որ կոծկեն։ 

Մինչև հիմա բարձրաստիճան նախկին պաշտոնյանները, ընդդիմադիրներն իշխանությունից պահանջում էին՝ ինչո՞ւ 300․1 հոդվածով մարդուն մեղադրում եք, բայց սպանությունները չեք բացահայտում, իսկ հիմա մեկը բացահայտվել է։ Հուսանք, որ մնացածներն էլ սարերի հետևում չեն»,- ընդգծել է նախկին զինդատախազը։