Դուք պատասխանատու եք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի համար, սսկվեք․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին, զգուշացրեց և հիշեցրեց նախկին իշխանություններին՝ ժողովուրդը լավ հիշողություն ունի և այլևս թույլ չի տա իշխանության բռնազավթում։

«20 տարի իշխանություն բռնազավթած ուժը այսօր փորձում է վերակենդանանալ։ Մենք հիմք ենք դրել այնպիսի ժողովրդավարության, որ իշխանությունը գալու է ու հեռանալու է ժողովրդի կամքով։ Զգուշացնում ու հիշեցնում եմ՝ ձեր իշխանության օրոք է եղել հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և այլ ոճրագործություններ, պատասխանատուն դուք եք։ Այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք մեր առողջ դատող ժողովրդին»,-ասաց նա։ 

Սասուն Միքայելյանը, խոսքն ուղղելով ՔՊ-ականներին, ասաց, որ իրենք Ժողովորդի վստահությունը կորցնելու իրավունք չունեն։

«Մենք խոստացել ենք, որ ժողովրդին չենք տանելու պարտության և հիասթափության։ Մեր ամենակարևոր նվաճումները դեռ առջևում են․ պետք է իրականացնենք մեր ծրագրերը։ Դրա համար մենք պետք է ունենանք համախմբված ժողովուրդ»,-ասաց նա։