Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհները կվերականգնվեն․ հայտարարվել է մրցույթ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ճանապարհ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: Այդ մասին հայտնում է  «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից։ 

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Տավուշի եւ Վայոց ձորի մարզերի հետեւյալ ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթները.

Ա/ճ Մ4-Գետահովիտ կմ 0+000 - կմ 1+404.71 ճանապարհային հատված,

Ա/ճ Մ2-Գետափ  կմ 0+000 - կմ 2+100 ճանապարհային հատված:

Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան:

Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական  աշխատանքների իրականացման փորձ եւ  ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացվեն միայն   էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչեւ 2019թ․հուլիսի 12-ը։