Ադրբեջանը կարող է օգտվել խառնաշփոթից և Արցախյան ճակատում դիմել ավանտյուրայի․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ  հետևում է Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Գրառումը՝ ստորև․

«Արդյոք մենք պատրա՞ստ ենք:

Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին:

Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը եւ հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար:

Խնդրի կարևորությունը չի սահմանափակվում միայն այն հանգամանքով, որ Իրանը բարեկամ երկիր է եւ դեպի արտաքին աշխարհ մեր պատուհաններից մեկը: Իրանի գլոբալ գեոպոլիտիկ կշիռը շատ ավելի մեծ է, եւ ցանկացած ֆորսմաժորային զարգացում հղի է մեր պետությունների համար ֆիզիկական գոյության մարտահրավերներով:

Մասնավորապես ակնհայտ է, որ Իրանի ներգրավմամբ հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծվող խառնաշփոթից եւ Արցախյան ճակատում դիմել ռազմական ավանտյուրայի: Հնարավոր վտանգների շարքը կարող ենք շարունակել:

Այս համատեքստում ինձ շատ է մտահոգում, արդյոք Հայաստանի իշխանությունները հաշվարկո՞ւմ են համապատասխան ռիսկերը: Արդյոք Հայաստանի կառավարությունը մշակո՞ւմ է իրավիճակին արձագանքելու պլաններ: Արդյոք մեր Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն ունե՞ն ռազմավարություններ այս առնչությամբ:

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձեւաչափով քննարկել այս հարցերը»,–նշել է նա: