Զինված անձը BMW-ով հետապնդել է Hyundai-ի վարորդին․ հետապնդվողն ահազանգել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հունիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Ժամը 00։20-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որը հայտնել է, որ իր եղբայրն ավտոմեքենայով Կոտայքի մարզից հասել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի վարչական տարածք և, այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդում է եղբորը՝ ընթացքում զենք պահելով եղբոր ուղղությամբ։ Ըստ ահազանգողի՝ զինված տղամարդը ցանկանում է հարձակվել եղբոր Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ ոստիկանության ահազանգը ստանալուն պես դարանակալում են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Սևանի վարչական տարածքում կարողանում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հայտնաբերել թե՛ հետապնդվող, թե՛ հետապնդող ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով ճանապարհային ոստիկանները Սևանի ոստիկանություն են բերման ենթարկում Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ ՌԴ քաղաքացի, 33-ամյա Դավիթ Թևոսյանին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Արամ Իսրայելյանին և 31-ամյա Արման Յազուլյանին, ովքեր եղել են BMW մակնիշի 36 AC 852 համարանիշի ավտոմեքենայով։

Արդեն Սևանի ոստիկանությունում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Սևանի ոստիկանության պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ BMW մակնիշի ավտոմեքենան զննություն կատարելու ժամանակ վարորդ ներկայացող Ա. Յազուլյանը ոստիկաններին է ներկայացրել «Կոմպակտ» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակը։

Աղբյուրը նաև նշում է, որ հետապնդվողը եղել է Hyundai մակնիշի 14 NN 004 համարանիշի ավտոմեքենան։ Ա. Իսրայելյանը, Դ. Թևոսյանը և Ա. Յազուլյանը բաց են թողնվել, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ հետագա ընթացքը տարածքային ենթակայության կարգով լուծելու համար։