Էջմիածնում Գարեգին Բ-ի գլխավորությամբ տոնախմբվել է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հունիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Տոնի առիթով առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորը Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչեւ Ս. Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

1

Ս. Գայանե վանքի առջեւ թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգեւոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավորներ: 

Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղա Սաղաթելյանը:

Օրվա խորհրդի շուրջ քարոզ խոսեց Եգիպտոսի Հայոց թեմի հոգեւոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը:

1

Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի հավատավոր կյանքին եւ նահատակության պատմությանը, մասնավորապես նշեց. «Սուրբ Գայանյանց տոնական այս պատարագը, իր մեջ ոչ միայն պատարագի սրբություն ունի, այլ նաեւ սրբազան խորհուրդ: Սրբերը տարբերվում են մարդկանցից այն պարզ եւ միեւնույն ժամանակ անհաս բաղձալի խորհրդով, որ գտան Քրիստոսին եւ չկորցրեցին Նրան: Այսօրվա տոնի մեջ ամենամեծ խորհուրդն այն է, որ սուրբ կույսերը կտտանքի, չարչարանքի, անմարդկային տանջանքների ենթարկվելու ընթացքին չկորցրեցին Քրիստոսին:

Սիրելինե՛ր, այսօր տոնին ընդառաջ մենք մեզ մեկ հարց պետք է տանք՝ արդյո՞ք մենք ունենք Քրիստոսին, արդյո՞ք գտել ենք Քրիստոսին: Եվ կամ երբ նայենք մեր անցած կյանքին, նայենք ամենայն ուշադրությամբ, կտեսնե՞նք, որ շատ անգամներ ենք կորցրել Քրիստոսին:

1

Թերեւս Քրիստոս կորցնելու մեջ հակոտնյա զգացում կա: Երբ ասում ենք կորցնել Քրիստոսին, միանգամից մեր աչքի առաջ են գալիս նախ Հուդան եւ հուդայատիպերը, այնուհետեւ՝ անառակ որդին եւ անառակություն անողները՝ իբրեւ Քրիստոսից հեռացած, Քրիստոսի ճշմարիտ ճանապարհներից շեղված մարդիկ՝ եկեղեցի չհաճախող, Աստված հայհոյողներ: Բայց սխալված կլինենք, եթե այդքան պարզ պատկերացնենք Քրիստոս կորցրածներին: Մենք Քրիստոսին կարող ենք կորցնել ոչ թե վերը նշված աստվածուրացության պահին, ցոփ ու շվայտ կյանք վարելու պահին, այլ հենց աղոթքի պահին, եկեղեցու մեջ, բարի գործ անելու ժամանակ, մեր Եկեղեցու փառքի համար մտահոգության պահին, անգամ ամենամեծ սուրբ խորհրդի ժամանակ: Թեեւ սիրում ենք Քրիստոսին եւ, վստահաբար, բնավ չէինք ուզենա կորցնել նրան, սակայն մեր մարդկային հողաշեն բնությանը հատուկ է կորցնել Քրիստոսին՝ սկսյալ Ադամից մինչեւ այս պահին ծնվող մանուկը»:

Հայր Դերենիկը կոչ արեց հավատացյալներին Քրիստոսին չկորցնելու համար լինել առավել զգուշավոր եւ ուշադիր, զորանալ հոգեւոր կյանքի մեջ:

1

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին անկեղծ աղոթքով հայցել Սուրբ Կույս Գայանեի բարեխոսությունը, որպեսզի իր շնորհներով զարդարի նրանց միտքը, հոգին ու սիրտը՝ Քրիստոսին գտնելու եւ Նրան երբեւէ չկորցնելու համար: 

Ս. Պատարագի ավարտին Ս. Գայանե վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն եւ Անդաստանի կարգ:

Սուրբ Պատարագին մասնակցում էին միաբանական համագումարի առիթով աշխարհի բոլոր կողմերից Սուրբ Էջմիածին ժամանած Մայր Աթոռի միաբանները:

1