Քոչարյանի գործով նիստը մեկնարկեց․ կհրապարակվի դատավորի ինքնաբացարկի միջնորդության որոշումը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը։

Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր կհրապարակի ինքնաբացարկի միջնորդությունը քննելու որոշումը։ Սա դատավորին ներկայացրած ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն է։ Առաջինը ներկայացրել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր այդ միջնորդությունը:

Երկրորդը ներկայացրել է տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ 2008-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձևավորված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, Դանիելյանը Մարտի 1-ի գործով նաև մի քանի վճիռներ ունի, որոնք, ըստ Սաֆարյանի, արդարացի չեն:

Ռոբերտ Քոչարյանը, միանալով պաշտպանների միջնորդություններին, հայտարարել էր, որ սա դատավոր Դանիելյանի «թափի գործը չի», ապա զգուշացրել էր, որ հետագայում մարդիկ այս գործի համար խիստ պատասխանատվության են ենթարկվելու: