Հուսով եմ՝ Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը լինելու է արդյունավետ․ Վահե Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Վահե

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ. հուսով եմ, որ դա լինելու է արդյունավետ», - այդ մասին հունիսի 18-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյան և հավելել, որ ընտրվել դեմոկրատական ընտրություններով ձեւավորված ԱԺ կողմից եւ լինել այդպես ընտրված առաջին դատավորը մի քանի աստիճան ավելի բարձր պատիվ և պատասխանատվություն է ՍԴ ցանկացած դատավորի համար:

Վահե Գրիգորյանն անդրադարձել է նաև իր առաջադրման խնդրին՝ նշելով, որ տասնյակ տարիներ ՍԴ դատավորների առաջադրումները, նշանակումները եղել են ծայրահեղ ստվերային ընթացակարգով։ 

«Ոչ մի հրապարակային մրցույթ, ոչ մի հրապարակային քննարկում չի եղել: Մեկ տարի է իմ անձը քննարկվում է տարբեր լրատվամիջոցներով եւ այդպես էլ պետք է լիներ, ես հենց այդպես էլ ցանկացել եմ»,-ասել է Վահե Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը անցել է մրցութային ընթացակարգերով մինչեւ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելը. «Ես եմ առաջարկել, որ լինեն մրցույթներ, եղել է երեք մրցույթ, ես մասնակցել եմ»:

Վահե Գրիգորյանը նաև ասել է, որ ինքն այս պահին մոտ 80 գործով մասնակցում է ՄԻԵԴ-ի վարույթներին։

«Խնդրել եմ ԱԺ նախագահին, որ հետաձգի իմ երդման արարողությունը, որ հասցնեմ մինչ այդ դատարաններին, ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլեւ տեղական դատարաններին, նաեւ Հաագայի միջազգային դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու մասին:

Ուրիշ իրավաբաններ են վերցնելու այդ գործերը, նրանց հետ նախնական պայմանավորվածություններ են եղել: Ես բոլոր գործերից եմ դուրս գալու»,-ասել է Վահե Գրիգորյանը: