«Դատարանը սխալ է թույլ տվել»․ դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու որոշումը կայացնելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Այդ մասին հունիսի 19-ին  Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ  հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,- հայտարարեց դատախազը։

Նա խնդրեց դատարանին բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու որոշումն ամբողջությամբ, կայացնել նոր դատական ակտ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ միջնորդեց ամբողջությամբ բեկանել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու՝ մայիսի 20-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news