Նոր Նորքում բնակարանային գողություն է եղել․ 4 ձերբակալվածներից 2-ը համաներմամբ էին ազատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Հունիսի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել մի կին եւ հայտնել, որ տնից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 18-ի ժամը 21.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, բնակարանից գողացել են գումար, ոսկյա թեւնոց, բիժուտերիա:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի բաժնի, Շիրակի մարզային վարչության եւ Մուշի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 18-ին, ժամը 23.43-ին, Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ 26-ամյա երիտասարդի, իսկ ժամը 23.55-ին Ռուբինյանց փողոցի գազալցակայանից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել Վանաձորի բնակիչներ, 24-27 տարեկան երեք երիտասարդի, որոնցից երկուսը՝ համաներմամբ ազատ արձակված:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է կնոջ բնակարանից գողացված ոսկյա թեւնոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Վնասի չափը պարզվում է: