Միևնույնն է՝ կդատվի՞ Քոչարյանը, չի՞ դատվի․ իմ որդին հետ չի գա․ Մարտի 1-ի զոհի մայր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ընթացքում ելույթով հանդես եկավ Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, ապա հավելել, որ Սամվել Նիկոյանն իրեն ասել է՝ քոռ գյուլլա է եղել, կպել ա քո էրեխուն։

«Եթե ցուցարարները խանութներ էին ջարդում, անկարգություններ էին անում, հրաման է  տվել, որ կրակեն ցուցարարների վրա, բա իմ որդի՞ն․ ո՛չ ցուցարար էր, ո՛չ անկարգություն է արել, ինչի՞ համար իմ որդին զոհվեց,- արտասվելով հարց հնչեցրեց Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մայրը, ապա հավելց, - շարքի մեջ «պագոնի» տակ իմ երեխան կանգանծ է եղել․ ո՞վ եկավ, հասավ Լեոյի փողոց, սնայպերի գնդակով խփեց, իմ երեխու վիզը ջարդեց»։

Ռուզաննա Հարությունյանը պատմեց, որ այդ օրը, երբ դեռ որդին կենդանի է եղել, ամուսնու հետ նրան երեկոյան տեսել են Օպերայի հրապարակում։

«Ասաց՝ մեզ երևի տանեն զորամաս, ոնց որ ամեն ինչ վերջացավ։ Մինչև հասանք կանգառ, ավտոբուսներով երեխեքին տարան Լեոյի փողոց։ Կռիվ-պատերազմ սկսվեց։ Ինչի՞ համար խփեցին որդուս, ո՞ր ապացուցեին՝ զորքի կողմից էլ կար, արտակարգ դրություն մտցնեին։ Ես համոզված եմ, որ եղել է կա՛մ գեներալ Գրիգոր Գրիգորյանը, կա՛մ վերջում պարզվեց հատուկ ջոկատ է եղել։

Իմ որդին հետ չի գա, նա երկրորդ կուրսի ուսանող էր, մեծ ծրագրեր ուներ, իրավաբան էր դառնալու, զինվոր էր։ 11 տարի է՝ չեմ կարողնում հասկանալ՝ ինչի՞ զոհ գնաց իմ որդին, իմ ամուսինը չդիմացավ, մահացավ գնաց»,-ասել է Ռուզաննա Հարությունյանը։  

Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մայրը նշեց, որ իր համար միևնույն է՝ կդատվի՞ Քոչարյանը, թե՞՝ ոչ։  

«Ինձ համար միևնույնն է՝ կդատվի՞ Քոչարյանը, չի՞ դատվի, իմ որդին հետ չի գա։ Ո՞վ կարող է պատասխան տալ՝ ինչի՞ համար զոհվեց իմ որդին՝ անկարգություն էր արե՞լ, գողություն էր արել, որ խփեցին էրեխուս»,-ասել է Տիգրան Աբգարյանի մայրը։