Ոչ հիմնավորված բարձր գնահատականից գալիս են շողուլային վիճակի․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցը վերաբերում էր կրթության ոլորտին։ Նա նշեց, որ միասնական քննությունները ավարտվել են, և հրապարակվել են արդյունքները, որոնք հուսադրող չեն։

Նա նշեց, որ մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8%-ը, հայոց պատմությունից 18, 25%-ը, բայց մտահոգիչն, ըստ նրա, հայոց լեզվից է։

«Անբավարար գնահատականի բարձր ցուցանիշ է գրանցվել  հայոց լեզվի դեպքում, որը 20% է»,-ասաց նա և նշեց, որ պատճառն այն է, որ շտեմարաններում ԿԳՄՍՆ-ն որոշակի տեխնիկական փոփոխություններ է կատարել և հարցերի տեղերը փոխել է, որպեսզի դիմորդները անգիր չանեն, բայց դա դիմորդների համար խնդիրներ է առաջացրել։

«Ինչո՞ւ ենք տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքը հանել, և ի՞նչ քայլեր են արվում շտեմարանները փոխելու և անգիր անելու ցանկությունը վերացնելու համար»,-հարցրեց նա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց պատգամավորի բերած փաստերը՝ դրանք որակելով ապատեղեկատվություն։

Նա ասաց, որ այո, թեստերի փոփոխություններ եղել են քննությունների ժամանակ, և հետզհետե փորձել են այդ ձևով թեստերը ոչ շտեմարանի հենքով ձևավորելու քաղաքականությունը փոխել։ «Այս տարի առաջադրանքները մոտ 30%-ով հայերենի դեպքում փոփոխվել են, այսինքն՝ մենք քայլ ենք արել, որ երկար տարիներ շտեմարաններ անգիր արած աշակերտները այդուամենայնիվ հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, ովքեր ունեն իրական մնացորդային գիտելիք, որը փոփոխության արդյունքում ցույց տան, ու լավագույնները գնան բուհեր»,-ասաց նա։

Նախարարն անբավարար ստացածների վերաբերյալ ասաց, որ այո, հայերենից բարձր են, անցած տարի ունեցել են հայերենից կտրվողների 16,6 %, այս տարի՝ 19,5%։ «Սա արդյունք է, որ աշակերտին իրենց դպրոցական ծրագրից 30% նյութ ենք դրել, խրթին բան չենք դրել, որ տուրք չտան շտեմարանն անգիր անելուն, այլ  իրենց դպրոցական ծրագիրը սովորեն»,-ասաց նա։

Կենտրոնացված քննություններից հետո էլ, նախարարի ներկայացմամբ, 9-րդ դասարանում պարզվեց՝ 10 անգամ պակասել են 18-20 ստացողները, 5 անգամ էլ ավելացել են կտրվողները․ «Որովհետև դպրոցներում տնավարեցված մթնոլորտում են քննություններն անցնում»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք նախապես զգուշացրել էին, որ կենտրոնացված գնահատականները համեմատելու են դպրոցական գնահատականի հետ և անհամապատասխանություն տեսնելով՝ ուսուցչին հարցնելու են՝ ինչո՞ւ է այդպես։ «Այսպես գնահատականները սկսեցին նորմայի գալ և ոչ հիմնավորված բարձր գնահատականից գալիս են շողուլային վիճակի»,-ասաց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news