ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԳ

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, զրուցակիցները գոհունակությամբ նշել են հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան:

Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը և այդ ուղղությամբ ընթացող համագործակցությունն առաջ մղելու փոխադարձ պատրաստակամությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր: Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է գլոբալ և տարածաշրջանային գործընկերների հետ  շարունակական համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի անվտանգության օրակարգի ամրապնդմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը նպաստող ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման կարևորությունը:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակին, այս առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը և մոտեցումներին, ինչպես նաև հունիսի 20-ին կայանալիք հանդիպման օրակարգում Հայաստանի գերակայություններին: