Ոչ մեկի երեխու հաշվին 10 մլն դոլար չկա, 250 անշարժ գույք չունենք. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց, որ դահլիճում չկա մարդ, որը կողմ քվեարկած լինի 2018-ի բյուջեի նախագծին, մինչդեռ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն, և՛ վարչապետը, և՛ ինքը խոսում են դրա կատարման մասին։

Նրա վստահեցմամբ՝ արդեն ակնհայտ է, որ ընթացիկ տարվա բյուջեի եկամուտները գերակատարվելու են առնվազն 62 մլրդ դրամով, 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների, և սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը, 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվելու է զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նա նաև թվարկեց մի շարք այլ ձեռքբերումներ, որոնք հրապարակվել են «100 փաստ Նոր Հայաստանի մասին» բրոշյուրում։ 

«Սա ի՞նչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն կատարում»,-ասաց նա։ 

Նա նկատեց, որ ասում են, թե վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չէ։ 

«Ես առաջարկում եմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ավելի կոնկրետ ասել, թե չէ այսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը հնարավորություն չի տալիս շտկել այդ քաղաքականությունը»,- ասաց նա և մատնացույց արեց նախարարներ Տիգրան Խաչատրյանին, Ատոմ Ջանջուղազյանին՝ նշելով, որ նրանք շատ պրոֆեսիոնալ են։ 

«Վատ կադրային քաղաքականություն է, որ ոչ մեկ 250 անշարժ գույք չունի իր և իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունում՝ չկա, մեկ տարի է՝ պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 միլիոնն ի՞նչ է, որ չկա»,- ասաց Միրզոյանը։ 

ԱԺ նախագահը չհամաձայնեց ընդդիմության դժգոհության հետ, որ ներառականություն չկա։ «Ներառականության մասին գոնե այստեղ, այ ձեր ցավը տանեմ, մի՛ ասեք էլի, ստատիստիկան նայեք, վերջին հինգ տարվա մեջ ընդդիմության կողմից ներկայացված այդքան օրենք ընդունվե՞լ է, ինչքան այս վեց ամսվա ընթացքում»,- ասաց նա։ 

Ինչ վերաբերում է այն հարցին, «Իմ քայլի» պատգամավորները հարցեր չեն տալիս, ԱԺ խոսնակն ասաց․ «Ես մեկ-մեկ շփոթում եմ ընդդիմադիր ֆրակցիա՞ն է, թե կառավարող, այնպես սուր հարցեր են տալիս»։  

«Հարգելի՛ կառավարություն, ինչ եմ տեսնում՝ երկու ուղղություն. օպերատիվ լուծումներ՝ վարվող հարցերին և ներդրումներին երկարաժամկետ պլանում արդյունք ակնկալող ջանքեր։ Ես ձեզ աջակցում եմ և խնդրում եմ այս երկու ուղղությունը զուգահեռ տանել։ Մյուս տեսանկյունից լուծեք սոցիալական հարցերը և ենթակառուցվածքներն ու ներդրումային միջավայրը զարգացրեք զուգահեռաբար այնպես, ինչպես մինչև հիմա արել եք, ամեն ինչ փայլուն է, կեցցե՛ք»,-ասաց նա։