Wishful thinking․ հմուտ գործիչներ կործանվել են այս հիվանդությամբ տառապելու համար․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրաառնալով ներքաղաքական խնդիրներին։ Գրառումը՝ ստորև․

«Մեծ քաղաքականության մեջ քաղաքական գործիչների ամենամեծ և վտանգավոր խնդիրը, որին նրանք բախվում են, դա իրականության զգացումը կորցնելու վտանգն է, որի արդյունքում քաղաքական գործիչը սկսում է ցանկալին իրականի տեղ ընդունել, այսպես կոչված wishful thinking-ը։

Շատ հմուտ և փորձառու քաղաքական գործիչներ և ուժեր տապալվել և կործանվել են հենց այս հիվանդությամբ տառապելու արդյունքում։

Պետք է խոստովանեմ, որ, գտնվելով իշխանության բարձունքում, շատ դժվար է մնալ իրականության մեջ և պինդ գետնին կպած, քանի որ շրջապատվում ես մարդկանցով, որոնք քեզ տալիս են բացառապես դրական և հաճելի տեղեկատվություն։

Պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, և հիմա, փաստացի, մենք դրա ականատեսն ենք Հայաստանում, որտեղ ակնհայտ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն։

Այս սինդրոմը առկա է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ, իսկ արտաքին վտանգները բազմաթիվ անգամ ավելի վտանգավոր են, քան ներքին քաղաքականության մեջ։

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, պետք է որ լրջագույն մտահոգության առիթ տա մեր իշխանություններին, սակայն նրանց համար ամեն ինչ փայլուն է և հրաշալի։

Անվերջ և անդադար խոսելով՝ խնդիրներն ու վտանգները չեն վերանում, այլ ստանում են առավել սուր և վտանգավոր բնույթ։

Եկել է, և կարծում եմ, արդեն ավարտվում է սթափվելու և աշխատելու ժամանակը»,-գրել է Ղազինյանը։