Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված փառատոնի կազմակերպման համար 50 մլն դրամ կհատկացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

Կառավարությունն իր այօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ հատկացնել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտարային կազմակերպությանը:

Հարցը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, որին մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Տիգրան Մանսուրյանի արվեստը:

«Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երեւանում եւ Գյումրիում»,-ասաց նախարարը:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ ստեղծագործություններ, կվարտետ, կոնցերտներ, վոկալ շարքեր և այլն: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի համար (գեղարվեստական՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Կորիոլան», «Ճերմակ անուրջներ» և այլն: Կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպումը կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, ունկնդրին բարձրաճաշակ դասական երաժշտության ներկայացմանը:    

Այս որոշման ընդունման արդյունքում ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը, ինչը և կնպաստի համաշխարհային մշակութային արդի գործընթացներում Հայաստանի դիրքորոշմանը՝ որպես մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող և խոշորածավալ մշակութային նախագծեր իրականացնող երկիր:

Տեսանյութեր

Live

Լրահոս