Հասնելու ենք ցուցանիշի, որ տարվա ավարտին ՀՀ-ում 330 կմ ճանապարհ վերանորոգվի. Ավինյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  կառավարության նիստին ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է կատարել 3 միլիարդ 284.9 միլիոն դրամի վերաբաշխում՝ ՀՀ կառավարությունից ուղղելով նախարարությանը:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ այդ գումարից 3,258.0 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Նախատեվում է հիմնանորոգել 32.5 կմ ավտոճանապարհ:

Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:  

«Սա 7,7 միլիարդ դրամի հավելյալ գումարի շարունակությունն է, որը տրամադրվում է նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման համար»,-ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ապա հավելել, որ հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին ՀՀ-ում վերանորոգվի 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ: