Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի առանձնատունը գրանցված չէ․ Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Մենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

«Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրանց հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,- ասաց Պետրոսյանը:

2018 թվականին Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Պետրոսյանն ասաց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:

«Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,- ասաց կոմիտեի նախագահը, հավելելով, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով:

«Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»,- տեղեկացրեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը։

Պետրոսյանի անձնական դիրքորոշումը  դրույքաչափի վերաբերյալ հետևյալն էր՝` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի:

Մոնումենտի շքեղ առանձնատների գույքահարկի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝  Պետրոսյանը նշեց, որ տեղեկություններ չունի, թե այդ առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվում:

Հարցին՝ կա՞ն առանձնատներ, որոնք գրանցված չեն եւ գույքահարկ չեն վճարում, Պետրոսյանը պատասխանեց. «Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն: Գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են եւ կան նախկին պաշտոնյաներ: Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում եւ մեզ մոտ գրանցում են նաեւ Մոնումենտից: Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ»: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news