Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալով, տապալվում է սահմանադրական կարգը․ Վարդան Այվազյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Վահե

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր, հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։ Վահե Գրիգորյանը նշեց, որ, երդվելով պատգամավորների առջև, դառնում է ՍԴ երկրորդ դատավորը, և քանի որ 2-րդ դատավորն արձակուրդում է, ինքն է ստանձնում ՍԴ նախագահի լիազորությունները։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը 24News-ի հետ զրույցում Վահե Գրիգորյանի հայտարարությունը որակել է «անգրագիտություն»։

«Սա էժանագին քաղաքական խաղ է, որը հեռու է իրավունքից։ Եզրույթը փոխվել է, բայց դրանից բովանդակությունը չի փոխվել։ ՍԴ անդամները շարունակում են մնալ դատավորներ։ Միգուցե այստեղ գործ ունենք Սահմանադրությունը գրողների անգրագիտության ու բացթողումի հետ։ Բայց եթե անգամ այդ մեխանիզմը չկա անցումային դրույթներում, այսինքն՝ չի գրվել, որ ՍԴ անդամներն ինքնաբերաբար դառնում են դատավորներ, չի նշանակում, որ իշխանությունն այդ կերպ պետք է մեկնաբանի»,- նշեց Վարդան Այվազյանը։

Ըստ նրա՝ ՍԴ անդամի փոխարեն ՍԴ դատավոր գրելով՝ բովանդակությունը չի փոխվում, մինչդեռ Վահե Գրիգորյանը Սահմանադրությունը մեկնաբանում է բառախաղով։

«Եթե գրված չէ, որ ՍԴ անդամն ինքնաբերաբար չի դառնում ՍԴ դատավոր, իշխանության էին եկել, այդ պահից թող այդ գործողություններն անեին, ասեին՝ դուք դատավորներ չեք, գնացեք այստեղից։ Վահե Գրիգորյանը եկավ, դա հասկացա՞ն․ ծիծաղելի է։ Եթե ՍԴ անդամներն Արեն Մկրտչյանի բնորոշմամբ կարգավիճակ չունեն, կառավարությունն ինչո՞ւ է նրանց ամսական մեկ միլիոն դրամ աշխատավարձ վճարում»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը։

Ըստ նրա՝ այս կերպ իշխանությունը միտում ունի հուղարկավորելու ամբողջ Սահմանադրությունը, որ սա սահմանադրական կարգը տապալելու դասական փորձ է։

Թեմայի վերաբերյալ ավելի ուշ ֆեյբուքյան էջում գրառում արեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը․

«Հին Սահմանադրությամբ ընտրվում էին ՍԴ անդամներ, նոր՝ գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորներ: Գործող Սահմանադրությամբ, բացի Վահե Գրիգորյանից, ՍԴ դատավոր է ընտրվել ևս մեկ անձ՝ Արման Դիլանյանը։ Մյուսները ՍԴ դատավոր չեն, և Սահմանադրությունը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով նախկին անդամներն ինքնաբերաբար դառնում են դատավորներ: Այսինքն՝ նրանք որևէ կարգավիճակ այլևս չունեն։ Հետևաբար ՍԴ-ն այսօր ունի միայն 2 դատավոր, և քանի որ մյուս դատավորն արձակուրդում է, Վահե Գրիգորյանը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները: