Ա. Թաթոյանը Իրանի ՓԲ պատվիրակության հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Այս մասին հայտնումեն ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արման Թաթոյանը կարևորել է անկախ փաստաբանության դերը մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ կարևորելով Հայաստանի Փաստաբանների պալատի գործունեությունն ու համատեղ աշխատանքը:

Նա ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, անդրադարձել փաստաբանների հետ համագործակցության հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ փակ հաստատություններում չհայտարարված այցերի ժամանակ մշտապես մեծ ուշադրություն են դարձնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը՝ նրանց օրինական պահանջմունքներին, այդ թվում՝ կրոնական համոզմունքներին համահունչ:

Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինինը ներկայացրել է իրենց երկրում փաստաբանների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցություն մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ: