Արդարադատության նորանշանակ նախարարը «Կոնցեռն դիալոգ» ընկերության բաժնետեր չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 20, 24News

.

Արդարադատության նախարարը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ: Այս մասին նշված է նախարարության հերքման մեջ: 

Այն ներկայացնում ենք ստորև.

««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի  այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության համագործակցությանը «Կոնցեռն դիալոգ»-ի հետ, տեղեկացնում են, որ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին  օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը  ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 526-Ն որոշման 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են` տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը:

Համապատասխանաբար, Արդարադատության նախարարի կողմից կայացված հրամանով հաստատվում է կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգ, որով կարգավորվում են մրցութային եղանակով փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության ընտրության գործընթացի կազմակերպման, դրա արդյունքներն ամփոփելու և նախընտրելի թեկնածուի հետ գնման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

Այդ կարգի համաձայն ձևավորվում է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է իրավաբանական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության ընտրություն:

2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գործերով որպես ներկայացուցիչ ընտրվել են միջազգային ընկերություններ:

Այդ գործերից միայն մեկով է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հանդիսանում տեղական ենթախորհրդատու: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է հանդիսանում միջազգային ընկերությունը, իսկ տեղական ենթախորհրդատուները ներկայացվում են վերջիններիս առաջարկով:

Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Կորսան կորվիամ կոնստրուկցիոն ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է ''Lalive'' միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակին: