Երեւանի օրեր՝ Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանը հանդիպել է Ալեքսանդր Բեգլովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի ընդլայնումը:

Ողջունելով երեւանյան պատվիրակության անդամներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման եւ ընդլայնման լայն հնարավորություններ ունի: Ալեքսանդր Բեգլովը հեռանկարային ուղղություններից է համարել, մասնավորապես, համագործակցությունը առողջապահության եւ ղեղագործության ոլորտներում, նաեւ նշել է, որ քաղաքը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ Պետերբուրգի առեւտրային ցանցեր:

Կարեւորելով Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում՝ Երեւանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերը նոր լիցք կհաղորդեն երկկողմանի հարաբերություններին: Հայկ Մարությանը նախանշել է այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի մայրաքաղաքը, մասնավորապես, մտադիր է ուսումնասիրել Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի եւ  աղբահանության ոլորտներում:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ հանդիպմանը կարեւորվել է համագործակցության հաստատումը թանգարանների զարգացման ու հանրահռչակման հարցում: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հազարամյակների պատմություն ունեցող Կարմիր Բլուր հնավայրը շինարարական աղբից մաքրելու եւ զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար: Պատմամշակութային տարածքի պահպանման ու պատշաճ ներկայացման հարցում Երեւանի քաղաքապետը հայցել է պետերբուրգյան գործընկերների աջակցությունը: 

Երեւանյան պատվիրակության անդամները շրջել են Էրմիտաժի ցուցասրահներում: Աշխարհահռչակ թանգարանում պահպանվում է մշակութային արժեք ներկայացնող ավելի քան երեք միլիոն նմուշ: Թանգարանի հարուստ հավաքածուն համալրել են  նաեւ ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշները: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում եւս ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ:

Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը կհամագործակցեն նաեւ քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում:  Երեւանի քաղաքապետի պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած ավագանու  «Բարգավաճ Հայստան», «Իմ քայլը»  եւ «Լույս»  խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում` քաղաքային դումայում: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձեւաչափերը:

Օրվա ավարտին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երեւանի օրերի շրջանակում կայացել է Երեւանի օրերի գալա-համերգը: «Կապելլա» համերգասրահում հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունել են Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները: Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի եւ փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ: