ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է արդարադատության փոխնախարարը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

«Ես հասկանում եմ, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու դեպքում ինձ բավական բարդ առաքելություն է սպասվում, միգուցե առաջիկայում անհրաժեշտություն լինի վճռական ու կոշտ որոշումներ ընդունելու»,-այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԲԴԽ թեկնածու առաջադրված արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

«Այս ամենը գիտակցելով՝ հասկանում եմ, որ, պատմական պահը գնահատելով, մեր առջև լավ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի փորձենք ձևավորել իրոք աշխատող անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգ», - նշեց նա։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վիգեն Քոչարյանն այսօր առավոտյան խորհրդարանում հանդիպում է ունեցել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ազգային ժողովում Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերի ընթացքում ԲԴԽ 9 անդամներից 5-ը հրաժարական են տվել։ Մայիսի 24-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հունիսի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց իր հրաժարականի մասին: Հունիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը: Հունիսի 14-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Արմեն Բեկթաշյանը:

Այս պահին ԲԴԽ-ում չկա քվորում, այն, ըստ էության, կազմալուծված վիճակում է: