Թբիլիսիում բողոքի զանգվածային գործողությունները «ռուսատյաց սադրանք» են․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ԱՍ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի զանգվածային գործողությունները «ռուսատյաց սադրանք» է որակել։ Այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Այն ամենը, ինչ երեկ կատարվում էր Վրաստանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուսատյաց սադրանք: Եվ, իհարկե, մեզ մոտ չի կարող ծայրահեղ անհանգստություն չառաջացնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Դա պահանջում է դատապարտում»,-ասել է Պեսկովը:

Նա շեշտել է, որ մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ կանոնավոր այցելում են Վրաստան, ուստի՝ այս հարցը շատ լուրջ է:

Life.ru-ն հավելում է, որ ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Վրաստանի խորհրդարանի շենքի գրոհը, ինչը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ռուսական պատվիրակությունը գտնվում էր ներսում, ասել է. «Թբիլիսիի դեպքերի մասին կարելի է շատ բան ասել և արդեն  ասվել է: Արմատականների սադրանք, կուսակցությունների միջև իշխանության համար պայքար, քաղաքականություն, ժողովրդավարություն, և ես չեմ ծաղրում՝ սա ժամանակակից աշխարհի իրողությունն է»:

Զախարովան ընդգծել է, որ ռուս պատգամավորները վրացական կողմի հրավերով խաղաղ նպատակներով Թբիլիսի էին ժամանել՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

«Պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովին նստեցրել են խորհրդարանի խոսնակի աթոռին, իսկ նա էլ նստել է՝ լավ իմանալով, որ տանտերերին նեղացնել չի կարելի: Սակայն դարերով գովերգված հյուրասիրությունն ավարտվեց մղձավանջային սադրանքով»,-նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում, և որ ստեղծված իրավիճակը վնաս կհասցնի Վրաստանի զբոսաշրջային ոլորտին: