ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երկուսը և կայացրել որոշումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Այսօր՝ հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել եւ նշված գործերով կայացվել են հետեւյալ աշխատակարգային որոշումները.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության եւ գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

2. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերն ընդունել քննության, միավորել եւ միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

3. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

4. «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի եւ 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: