Եզդիները համագյուղացու ազատման պահանջով ցույց են արել դատախազության դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ՀՀ Դատախազության շենքի առաջ Արմավիր մարզի Այգեշատ գյուղի մի խումբ եզդի բնակիչներ բողոքի ցույց էին եկել։ Նրանք պահանջում էին ազատություն տալ իրենց բնորոշմամբ՝ ապօրինի ձերբակալված համագյուղացուն՝ Այլազ Ամոյանին։ Բողոքող քաղաքացիների ներկայացուցիչներին հրավիրել էին դատախազության շենք, որտեղ ՀՀ Գլխավոր դատախազի օգնական Մելքոնյանը տեղեկացրել էր, որ մեղադրյալի կողմին ևս երեք օր հավելյալ ժամանակ է տրամադրվում գործի վերաբերյալ իրենց դիտողությունները փաստաթղթային ձևով ձևակերպելու և ներկայացնելու համար, որոնք կքննարկվենք երկուստեք։ 

Այլազ Ամոյանին ձերբակալել էին մարտի  13-ին Արցախի Կովսական քաղաքում ՀՀ ԱԱԾ- աշխատակիցները։ 24News-ի հետ զրույցում Ամոյանի փաստաբան Գոռ Գևորգյանը նշեց, որ Այլազին առաջադրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդված, ու վերջինիս կալանքը երկարաձգվել է ևս մեկ անգամ։ Քննչական կողմը համապատասխան ապացուցողական բազա չունի, և գործն արհեստականորեն ձգձգվում է՝ համոզված է փաստաբանը։ Նա տեղեկացրեց նաև, որ Այլազի հարազատները դատարանին 30 միլիոն դրամ վարկ էին առաջարկել, սակայն դատարանն առանց լուրջ պատճառի մերժել էր այդ դիմումը։

Այլազի եղբայրը՝ Միշա Ամոյանը, 24News.am-ի հետ զրույցում նշեց, որ Այլազի խնամքին կա երեք անչափահաս երեխա, ու որ իրենք շարունակելու են բողոքի ցույցերը, քանի դեռ իրենց ցանկալի արդյունքին չեն հասել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։