Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Բաղդադ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ն աշխատանքային այց է կատարել Բաղդադ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար դոկտոր Նայեմ Թ. Յուսիրի և փոխնախարար Ահմադ  ալ Բայաթիի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական ներուժը և հաջողված փորձը բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Գեղամ Վարդանյանը նախարարին հրավիրել  է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: 

Երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտը համակարգող գերատեսչությունների կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում Իրաքի գործարարներին հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են հայկական ընկերությունների հաջողված փորձը, գիտելիքները, գրանցած հաջողությունները, այլ երկրներում ծավալած գործունեությունը: Կողմերը ընդգծել են, որ կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ, որը  պետք է օգտագործել՝ ի շահ երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման: 

Գեղամ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրագույն կրթության և լուսավորության նախարարի տեղակալ դոկտոր Սալամ Խոշնաուի, Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Հազեմ Աբդելռզակ ալ Ջումայլիի հետ, որին ներկայացվել են Հայաստանում բժշկության ոլորտի թվայնացման գործում ունեցած հաջողությունները և հայկական կազմակերպությունների լուծումները:  

Նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ փոխգործակցությունը հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Իրաքի պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

Հունիսի 19-ին  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա  գլխավորած պատվիրակությունը մեկնել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, կապի, կրթության և լուսավորության, առողջապահության ոլորտները համակարգող նախարարների հետ: 

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում, նորաստեղծ նախարարության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: Գեղամ Վարդանյանն ընդգծել է հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը՝ սկսած դեռևս խորհրդային տարիներից մաթեմատիկայի, արհեստական բանականության, ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում։ Անդրադարձ է եղել ստարտափների գործունեության, թվային օրակարգի ձևավորման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին։

Քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնմանը և զարգացմանը առնչվող մի շարք հարցեր:  

Գեղամ Վարդանյանը փոխվարչապետ Թալաբանիին է փոխանցել Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») հրավերը: