ՌԴ նախագահը արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

բակո

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր: 

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Հրամանագիրը նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։  

Հիշեցնենք, որ Վրաստանում երեկ և այսօր բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո: