Ավետիք Իշխանյանը՝ Վահե Գրիգորյանի «դարակազմիկ» հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

աղետ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադարձել է «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հայտարարությանը` կապված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության հետ: Նա գրել է.

«Ո՞ՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ

Ստիպված եմ եւս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավոր ( քիչ էր մնում գրեի՝ անդամ) Վահե Գրիգորյանի «դարակազմիկ» հայտարարությանը, ավելի ճիշտ նրա մեկնաբանություններին։

Ես կարող եմ չընդունել, բայց հասկանալ, օրինակ «Սասնա Ծռերի» հայտարարությունը։ Նրանք իրենց էությամբ հեղափոխական են, ավելի ճիշտ, եթե պատմականորեն դիտարկենք, ապա ֆրանսիական հեղափոխության երկրորդ ալիքի՝ ժիրոնդիստներին փոխարինած յակոբինականների, կամ ռուսական հեղափոխության փետրվարյաններին փոխարինած բոլշեւիկների նմանությամբ։ Կարծում եմ, նրանք անկեղծ են իրենց նկրտումներում՝ «ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք, ջարդել, փշրել, պատժել, նստեցնել, սպանել եւ այլն»։

Ինձ առավել զարմացնում են տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների, վերլուծաբան-քաղաքագետների, հատկապես իրավաբանների մտավարժություններն այս հարցի վերաբերյալ։ Սույն գործիչները իրենց ողջ գործունեության ընթացքում խոսել, գրել, հայտարարություններով եւ մամլո ասուլիսներով են հանդես եկել, իրենց հավատարմությունը հայտնել ժողովրդավարության, օրենքի գերակայության, իրավական պետության, մարդու իրավունքների արժեքների մասին։ Եվ հիմա․․․ ներեցեք, կամ դուք զուրկ եք տարրական տրամաբանությունից ( այս հարցում բոլորովին պարտադիր չէ իրավաբան լինել), կամ ձեզ համար Վահե Գրիգորյանը մարքսիզմ-լենինիզմի դասական է եւ նրա խոսքն անքննելի է, ուստի դուք զուրկ եք ինքնուրույն մտածողությունից, կամ դուք հարմարվում են իրավիճակին, ոմանք պահպանելու համար դիրքն ու պաշտոնը, ոմանք էլ հույս ունենալով, որ վերջապես վերեւներում կնկատեն եւ ․․․»,- գրել է նա: