Թուրքիայում սահմանվել է այլընտրանքային վճարովի զինծառայության գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն է արել զինվորական ծառայության նոր համակարգի վերաբերյալ: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ այդմ` նրանք, ովքեր ցանկանում են այլընտրանքային վճարովի զինվորական ծառայության անցնել թուրքական բանակում, պետք է միանվագ 30.000 թուրքական լիրա ( շուրջ 5180 դոլար) վճարեն:

Նշվում է, որ տարեկան 145.000 հոգու վճարումից պետությունը մեծ օգուտներ կարող է ստանալ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ զինվորական ծառայության նոր համակարգը կօրինականացվի հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի ընտրություններից առաջ: 

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով` Թուրքիայի զինված ուժերում ծառայության անցած թուրք շարքային զինվորը կարող է բարձրանալ մինչև  գեներալի աստիճանի:

Քննարկվում է նաև այն հարցը, որ եթե օրենքի ուժ ստանա այս համակարգը, ապա հնարավոր կլինի նաև պարտադիր ժամկետային զինվծառայությունը 12 ամսից նվազեցնել 6 ամսի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի բանակն ի զորու է իր շարքերն ընդունել 420.000 զինծառայողի:

Նշենք, որ այլընտրանքային վճարովի զինվորական ծառայությունը վերաբերում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող Թուրքիայի քաղաքացիներին:

Նոր համակարգը նպատակ ունի արտասահմանաբնակ թուրք քաղաքացիներին այդ կերպ կապել Թուրքիա պետության հետ և հնարավորինս կանխել նրանց կողմից Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելը: