Փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա․ Յոլյանը՝ Բաբաջանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա․ Անդրադառնալով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին՝ ԱԺ-ում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին, և կոչ էր արել, որ Յոլյանն իր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնի։

Լևոն Յոլյանը նշեց, որ Բաբաջանյանի ներկայացրած փաստերը չեն համապատասխանում իրականությանը։

Յոլյանը նախ սկսեց Բաբաջանյանի այն հայտարարությունից, թե ինքը բիզնեսով է զբաղվում, «Մարկ ինթերնեյշընըլ» կազմակերպության սեփականատերն է։ Ըստ ՀՊ նախագահի՝ ինքը 93-98թթ-ին բնակվել է Մոսկվայում, 94թ-ին Երևանում տուն է ձեռք բերել ստալինյան շենքում, որը մինչև հիմա իրենցն է։ Ասաց, որ 98-ին ներդրում է արել ՀՀ-ում․ «Ամիրյան 12-ի գտնվող շենքը, որը ժողովուրդն ասում է «Սամսունգի շենք», եղել է իմ ու ինձ հետ փոխկապակցված անձի սեփականության մի մասը և այլն։ «Մարկ ինթերնեյշընըլը» 96-ից սկսել է աշխատել ՀՀ-ում, տվյալները հասանելի են բոլորին՝ ՊԵԿ-ի բազայում կա, և նշված է ինչ գործունեություն է ծավալել. խոշոր հարկատուն է եղել և 2007-ին եղել է 92-րդ, 2008-ին՝ 102-րդ խոշոր հարկատուն»։ 

Յոլյանը նշեց, որ մինչև 2013-14 թթ-ը ընկերությունն աշխատել է հաջողությամբ, հետո չի դիմացել եղած մրցակցությանը, և հիմա իրենք այլևս բիզնեսով չեն զբաղվում։

Նա շարունակեց, թե նշվել է նաև «Մակրո Երևան» ընկերության մասին: Ըստ Յոլյանի՝ այն ևս  ակտիվ եղել է շուկայում, Մոսկվայից վերադառնալուց հետո և նույնպես 2006թ-ին եղել է 244-րդ խոշոր հարկատուն։

«Այլ կազմակերպություններ էլ կան, որ գործել են: Այն կազմակերպությունները, որոնք պատկանել են ինձ ու իմ ընտանիքին, մրցակցությանը չդիմացան և 4-5 տարի է՝ չեն գործում։  Ասացին, թե պետական կառավարման համակարգ անցել եմ 2007թ-ից. խեղաթյուրված փաստ է:  1998թ-ին Արմեն Դարբինյանի առաջարկությամբ ընդգրկվել եմ պետական կառավարման համակարգ։ Դրանից հետո Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ նշանակվել եմ առողջապահության փոխնախարար, 2007-ից Վերահսկիչ պալատի տեղակալ, 8, 5 տարի աշխատել եմ պալատի տեղակալ։ 2018-ին Կարեն Կարապետյանն առաջարկել է Վերահսկողության ծառայության պետ լինեմ, դրանից հրաժարվեցի, անձնական կարևոր գործեր ունեի»,-պարզաբանեց Յոլյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե էներգետիկայի նախարարությունը ստուգելիս ԲԷՑ-ի նկատմամբ ստուգում չի իրականացվել, Յոլյանը բացատրեց, թե ինչու։ Հաշվեքննությունը նորմեր ունի՝ եթե մի նախարարությունից մեկը տեղափոխվում է աշխատանքի, իրենց այդ աշխատանքներում ընդգրկելը էթիկայի նորմերի խախտում է։

Յոլյանը նշեց, որ ՊՎԾ-ն ԲԷՑ-ում հաշվեքննություն էր ներկայացնում, իրենք պարոն Սանասարյանի հետ պայմանավորվել են մինչև 2017թ-ը ուշադիր նայել։

«Դա պարզապես զրպարտություն է, ու փաստերը քաղաքական այլ նպատակներից ելնելով ներկայացնել: Գուցե մեր նյութերից մեկը վերաբերում է իրեն կամ իր բարեկամին, որն իր դուրը չի եկել, չեմ կարող ասել»,-ասաց Լևոն Յոլյանը։

Ոսկու հանքի շահագործման հետ կապված հարցի մասով էլ, որով իր բարեկամն է զբաղվել, Յոլյանն ասաց, որ բարեկամը միայն հանքի ուսումնասիրության իրավունք ուներ և դա ունեցվածք չէ, այլ պարտավորություն՝ ուսումնասիրել ու ներկայացնել պետությանը, ընդերքի շահագործման իրավունք ստանալու համար։ «Ընդերքի շահագործման իրավունք ես կամ իմ բարեկամները չեն ունեցել»,-ասաց նա։

ՀՊ նախագահը նշեց, թե քանի որ զրպարտության լուրջ էլեմենտներ կային Արման Բաբաջանյանի ելույթում, վաղը կամ մյուս օրը տվյալները կհավաքի ու մանրամասն այդ ամենի հետ կապված փաստեր կներկայացնի։