«Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորում է իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Թեստավորման նմուշ-թեստերը տեղադրված են «Գնահատման և թեստավորման կենտրոնի» www.atc.am կայքի «Պատիվ ունեմ 2019» դաշտում: Թեստավորումն իրականացվելու է բնագիտական՝ բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների, և ընդհանուր զարգացվածության թեստերով՝  դասակի հրամանատարների պատրաստություն անցնելու դիմած քաղաքացիների համար:  Նմուշ-թեստերի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ առաջադրանքների նմուշներին և դրանց բարդության մակարդակին: 

Հունիսի 27-ին Երևանի թիվ 189 դպրոցում տեղի կունենա  բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների դիմած քաղաքացիների թեստավորումը: Ոչ բժշկական մասնագիտություններով ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների թեստավորումը կանցկացվի հունիսի 28-ին՝ Երևանի թիվ 11 և 189 դպրոցներում:

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուներին թեստավորման անցկացման վայրի մասին կտեղեկացնեն ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news