Մանվել Գրիգորյանի գործը դռնփակ քննելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Մանվել

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը անցկացնել դռնփակ կարգով: Պաշտպանը նշել է, որ հանգել են այն եզրակացության, որ դրանում կան ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Ըստ Քամալյանի՝ այդ տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից: Պաշտպանն ասել է, որ գործում կան ապացույցների քառօրյա պատերազմի սկզբնական հատվածում Երկրապահ կամավորների կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ: Քամալյանն ասել է, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը ամբաստանյալի մեղավորությունը հերքող ապացույցներ ներկայացնելու շրջանակում չի կարող չանդրադառնալ այդ օրերին օգտագործվող մեքենաներին, վառելիքին, որոնք, ըստ պաշտպանի, ռազմական գաղտնիք են պարունակում պարունակող տեղեկություններ:

«Փաստացի դրանց հրապարակումը վտանգի տակ գտնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է պաշտպանը:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկել է միջնորդությունը՝ նշելով, որ քրգործն իր ծավալով չի կարող վկայել այն մասին, որ քրգործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Նա նկատել է, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը ժամանակվրեպ է և անհիմն ուստի խնդրեց դատարանին մերժել այն: Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը որոշեց, մերժել պաշտպան Քամալյանի ներկայացված միջնորդությունը: Պաշտպան Քամալյանը նմանատիպ միջնորդություն էր ներկայացրել  նաեւ գործի սկզբնական փուլում, ինչը մերժվել էր:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։